Պարզ ու հասկանալի է, որ շատ դժվար է հաշտվել գոյաբանական բնույթի մեծ անհաջողությունների հետ, որոնք մեր կյանքում հաջորդում են մեկը մյուսին և որոնք հզորագույն ուժերի գլոբալ գոյապայքարի անմիջական հետևանքներն են։
Գլոբալ գոյապայքար, որի հետևանքները ուժային հիերարխիայի աստիճաններով իջնում են նույնիսկ մինչև ամենաթույլերի կյանքի ամենօրյա մանրամասները, մի բան, որը մեր անտեղյակ և գիտելիքազուրկ մարդկային մասսայի համար տեսանելի չէ։
Գոյապայքարի հետևանքների վերևից ներքև հոսքը տարբեր չափերի ճնշում է բանեցնում բոլորի վրա, որոնք էլ, կախված իրենց իրական հզորության ու ապրելու հոգեբանական կամքի մեծությունից, հակաճնշում են բանեցնում հզորների կողմից եկող ճնշման նկատմամբ՝ փորձելով հավասարակշռել այն սեփական գոյության տեսանկյունից։
Այս իմաստով, հզորների տոտալ ուժային քաղաքականությունից բխում է իրենց ազդեցության սֆերայի հնարավորինս ընդլայնումը ուրիշների հաշվին, որը բերում է համեմատաբար թույլերի հայտնվելուն որևէ հզորի շահերի դաշտում՝ որպես ռեսուրսի ու ուժի հնարավոր աղբյուր, որպես ընթացիկ գոյապայքարում պոտենցիալ զոհ և այլն։
Բացի դրանից, բնական է նաև, որ ամենահզորների տեսանկյունից ինչ-որ չափի ինքնուրույն քաղաքականություն վարող տարածաշրջանային դոմինանտ ուժերը պրոբլեմ են, քանի որ նրանք էապես կարող են ազդել գլոբալ ուժային բալանսի վրա, և այս իմաստով հասկանալի է դառնում ուժեղների կողմից կիսաուժեղներին տրոհելու ձգտման տենդենցը, որը լայն հնարավորություններ է ստեղծում «բաժանիր, որ տիրես» տեսակի քաղաքականության համար։
Ընդհանուր առմամբ, գոյապայքարի տեսանկյունից մշակվում են նաև համապատասխան տեխնոլոգիաներ կիսաթույլերի ու բացահայտ թույլերի նկատմամբ։
Եթե թույլը գտնվում է որևէ ուժեղի ազդեցության ոլորտում, ապա ուժեղի տեսանկյունից թույլի ոչ շատ թույլ լինելն է ուժեղին ձեռնտու և ոչ էլ շատ ուժեղ լինելը, քանի որ շատ թույլ լինելով նա դառնում է ուժեղի համար բեռ, իսկ չափից դուրս ուժեղանալով էլ՝ դժվար կառավարելի պրոբլեմ։
Իսկ եթե թույլը գտնվում է հակառակորդի լագերում, ապա դրսի ուժերի կողմից նրա նկատմամբ քաղաքականությունը իրեն հնարավորինս թուլացնելն է, որի հիմնական մեխանիզմն էլ նրան թուլացնելն է բազմակողմանիորեն պառակտելու միջոցներով, որն էլ հենց մեր պատմությունն է։
Եթե մեր դեպքում այս ամենին ավելանում են նաև մեր պրոբլեմները թուրքերի հետ և մեր պոտենցիալ մրցունակային հնարավորությունները ոչ քաղաքական ոլորտներում, որոնք մենք ապացուցել ենք բազմիցս՝ միջնադարյան տարանցիկ առևտրի դեպքում, բիզնես գործունեությամբ նախահեղափոխական Ռուսաստանում և այլուր ու մեր ներկա մասնակցությամբ համաշխարհային բիզնեսին ու գիտությանը տարբեր երկրներում, ապա կամաց-կամաց հասկանալի կդառնա մեր այսօրվա վիճակը։
Վերջինս շատ հեղհեղուկ է և ունի շատ դժվար կանխատեսելի ապագա, քանի որ, գտնվելով աշխարհի շահային բախումների իմաստով կարևոր օջախներից մեկում, որում ընթացող գոյաբանական պրոբլեմները ամենաբարձր մակարդակով ընթացող պայքարի անմիջական հետևանքներն են միջին միջանցքի հետ կապված և, դրանից բացի, տարածաշրջանային դոմինանտության հետ կապված մրցապայքարի ու դրա հետ անմիջականորեն կապված քրդական պրոբլեմի հետ։
Մենք էլ, միամիտ-միամիտ, անտեղյակ աշխարհի գործերից ու պրոբլեմներից, զինված գավառական մենթալիտետով և անուժ, հայտնվել ենք այս ջրապտույտի հենց կենտրոնում։
Պավել Բարսեղյան